Երգչուհի Սիլվա Հակոբյանի և Նորայր Մանուկյանի դուստրը՝ Միլան, դարձել է 1 տարեկան, ինչի առթիվ ծնողները խնջույք են կազմակերպել իրենց քավորի առանձնատան բակում:

Սիլվան օրվա լուսանկարները տրամադրել է Newsji-ին ու պատմել, որ հավաքվել էին միայն ընտանիքի անդամներով:

«Ներկա էին միայն մեր ամենահարազատ մարդիկ, 20 հոգին չէինք գերազանցել: Կարանտինի պատճառով վաղուց առիթ չէր եղել, որ հավաքվեինք, շատ լավ անցավ: Իրականում շատ եմ ափսոսում, որ այսպես ստացվեց, քանի որ վաղուց մտադրվել էինք Միլայի 1-ամյակի օրը նաև մկրտել նրան, մեծ խնջույք կազմակերպել, սակայն արտակարգ դրությունը մեզ նման հնարավորություն չտվեց»,- ասաց նա ու հավելեց, որ վաղուց ընտրել են նաև Միլայի կնքահորը:

Փոքրիկի քավորը լինելու է ռուսաստանաբնակ հայ վարսահարդար Գեորգի Կոտտը. «Նա շատ էր ուզում ներկա լինել գոնե միայն ծննդյան տարեդարձին, սակայն փակ սահմանների պատճառով չկարողացավ գալ»:

Մայրիկը պատմեց, որ հատուկ ձևավորում էին արել, Միլան իր անկյունն ուներ, թեև տարեդարձի սկզբում փոքրիկն ուրախությամբ աչքի չի ընկել. «Լավ տրամադրություն չուներ, քանի որ շորիկի մեջ իրեն հարմարավետ չէր զգում: Առհասարակ, որևէ ավելորդ բան իր վրա չի սիրում, նույնիսկ, գլխազարդ: Մի քանի լուսանկար անելուց հետո փոխեցինք: Բացի այդ, չէր քնել, չնայած մինչև տուն չվերադարձանք, չքնեց: Չնայած վատ տրամադրությանը՝ հենց միացրեցինք իրեն նվիրված իմ նոր երգը, սկսեց պարել: Այդ երգը Մանեն գրել է հատուկ Միլայի համար, դեռ ոչ մի տեղ չեմ կատարել: Շատ եմ ցանկանում այն ներկայացնել տեսահոլովակով, որի հերոսուհին Միլան կլինի: Տեսնենք՝ ինչպես կստացվի»:

Սիլվայի երկրպագուները շատ են սիրում Միլային, փոքրիկի լուսանկարներն ամեն անգամ մեծ տարածում են գտնում համացանցում: Երգչուհին սաց, որ դեմ չի լինի, եթե աղջիկն իր ճանապարհով գնա. «Արդեն նկատելի է Միլայի երաժշտական հակումը, հայրս հաճախ ասում է, որ ես էլ էի այդ տարիքում այդպես արձագանքում երաժշտությանը: Առաջ մի քիչ այլ մոտեցում ունեի, հիմա մտածում եմ՝ կուզեմ աղջիկս շարունակի իմ ճանապարհը, իհարկե, եթե ունենա երաժշտական տաղանդ, ոչ թե տեխնիկական միջոցներով երգի, որովհետև տեխնիկան այսօր թույլ է տալիս երգել նույնիսկ չերգողին»: