Լոնգիյր քաղաքը Երկիր մոլորակի ամենահյուսիսային բնակավայրն է, որի բնակչության թիվը մոտ հազար է: Այն մտնում է Նորվեգիայի կազմում: Լոնգիյրի տարածքում՝ 130 մ խորության վրա, գտնվում է Սերմերի նմուշների համաշխարհային պահեստը, որտեղ պահպանվում են գյուղատնտեսական մշակաբույսեր՝ գլոբալ աղետի ժամանակ կիրառելու համար:
Քաղաքի տարածքը յուրահատուկ դիրք և կարգավիճակ ունի, հետևաբար այնտեղ գործում են հատուկ կանոններ: Օրինակ՝ այնտեղ կարող են այլ պետությունների ներկայացուցիչները գյուղատնտեսական գործունեություն իրականացնել:

Հյուսիսային քաղաքի բնակչության մեծ մասը զբաղվում է զբոսաշրջությամբ, օգտակար հանածոների արդյունահանմամբ և հետազոտական գործունեությամբ: Քանի որ Լոնգիյրը գտնվում է Բևեռային շրջանում, այնտեղ հստակորեն առանձնանում են բևեռային օրն ու բևեռային գիշերը:

Տեղի բնակիչների տեղաշարժման հիմնական միջոցը ձյունագնացներն են: Առավել էքստրեմալ մարդիկ շրջում են լայն անիվներ ունեցող հեծանիվներով, սակայն նման երթի համար հարկավոր է կրել տաք հագուստ և դեմքին քսել պաշտպանիչ քսուք:

Արկտիկական կլիման թույլ չի տալիս ավելի քան երեք ամիս վայելել «պլյուսային» ջերմաստիճան: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1986 թ. մարտին՝ -46,3 աստիճան, իսկ ամենաբարձրը՝ 1979 թ.՝ +21,3 աստիճան: Ամռանը Լոնգիյրում միջին ջերմաստիճանը կազմում է +6,5 աստիճան:

Լոնգիյրի տարածքում արգելվում է մահանալը, հիվանդանալը, երեխա ծնելը կամ կատու պպահելը: Նման սահմանափակումները կոչված են պահպանելու բնակիչների կյանքն ու անվտանգությունը և ներդրվել են արկտիկական կլիմայական պայմանների պատճառով:

Քանի որ հավերժական ցրտի պայմաններում հանգուցյալների դիերը չեն քայքայվում, դրանց հոտը գրավում է սպիտակ արջերին, այդ իսկ պատճառով կղզախմբի ողջ տարածքում չկան գերեզմանատներ: Ծննդաբերողներին և հիվանդներին ստիպված են լինում ուղարկել Նորվեգիայի ցամաքային հատված, քանի որ քաղաքում մեծ բժշկական կենտրոններ չկան:

Նորվեգացիների կատուներին առանձնահատուկ են վերաբերվում: Նրանք կարծում են, որ կատուները կարող են խախտել բնության հավասարակշռությունը, ինչը էկոլոգիան գնահատողների համար պարզապես աղետ է: Սակայն շները կղզախմբում բավականին շատ են: